ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

Ձևաչափը, որ առավելագույնս պաշտպանում է Հայաստանի շահերը

Ձևաչափը, որ առավելագույնս պաշտպանում է Հայաստանի շահերը
11.09.2013 | 11:25

Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը գտնում է, որ ԵՄ անդամակցության և ազատ, խորն ու համապարփակ առևտրի գոտու ստեղծման հարցերը Հայաստանի քաղաքական օրակարգում մնում են. «Խոսքը երկարատև, գլոբալ օրակարգի մասին է, իհարկե: Բնականաբար, մենք ձգտում ենք և ամեն ինչ անելու ենք, որ եվրոպական համագործակցության պորտալարը ոչ միայն չկտրվի, այլև ամրապնդվի և ուժեղանա»:

-Սեպտեմբերի մաքսային սկիզբն անակնկա՞լ էր, թե՞ ծրագրված քայլ:
-Շատ պարզամիտ է այն պատկերացումը, որ նման հարցի լուծումը կարող էր լինել անակնկալ, կամ պահի թելադրանք: Երկրի, պետության ճակատագրի համար կարևոր նշանակություն ունեցող բոլոր խնդիրները լրջագույն, խորքային ուսումնասիրության են ենթարկվում՝ բազմաչափ ու բազմավեկտոր համակողմանի վերլուծության, որ արդյունք է նույնքան մանրակրկիտ քննարկումների քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների ու փորձագետների հետ: Միայն այդ ամենից հետո է որոշում կայացվում, ինչը բնական և տրամաբանական է: Մաքսային միությանն անդամակցելու մասին որոշումը նույնպես նման որոշումներից է: Բազմաթիվ քննարկումներ են եղել ինչպես երկրի ներսում, այնպես էլ տարբեր միջազգային հարթակներում: Հիշեցնեմ ԱՊՀ-ի հետ ազատ առևտրի պայմանագրի ստորագրումը և վավերացումը, որի գործընթացում Հայաստանը եղել է ամենաակտիվներից, ինչպես նաև խորհրդարանական համագործակցության հայ-ռուսական հանձնաժողովի մայիսյան նիստը Մոսկվայում, հանդիպումները Պետական Դումայի հանձնաժողովներում ու տարբեր պաշտոնյաների հետ: Նույնը նաև եվրոպական հարթակներում: Որոշ աղբյուրներ ապարդյուն ջանում են հանրության մեջ տպավորություն ստեղծել, որ գիշերը քնեցինք, առավոտյան արթնացանք որոշած, դա բացարձակապես անհիմն է: Նրանք ոչ թե լավատեղյակ չեն, այլ անազնիվ ձևով փորձում են ուղղորդել հանրային կարծիքը: Մենք բազմիցս ասել ենք, որ մեր քայլերը թելադրված են մեկ դրդապատճառով՝ Հայաստանի ազգային, պետական շահով: Բոլոր քննարկումների արդյունքում մենք փորձել ենք հասկանալ՝ ո՞րն է այն ձևաչափը, որի ժամանակ Հայաստանի շահերն առավելագույնս պաշտպանված են:
-Ո՞րն է այս դեպքում Հայաստանի շահը:
-Հայաստանի շահը արտահայտված է մի քանի չափումներով: Առաջինը, անկասկած, անվտանգության խնդիրն է, որովհետև հայտնի է, թե ինչ աշխարհագրական ու աշխարհաքաղաքական դիրքում ենք մենք, ամեն ինչ հայտնի է մեր բարեկամների ու հարևանների մասին, բոլորն ամեն ինչ գիտեն, պարզ է, թե ովքեր ու ինչ զինամթերք ունեն: Բնական է, որ ելնելով նաև ղարաբաղյան խնդրից, Հայաստանի պետական շահն առաջին հերթին թելադրում է անվտանգության ապահովման անհրաժեշտությունը: Քսան տարուց ի վեր մեր անվտանգության համակարգը կապված է ՀԱՊԿ-ի հետ, մենք եղել ենք այդ կառույցի հիմնադիրներից և ամենաակտիվ անդամներից մեկը, հիշեցնեմ, օրինակ, որ ՀԱՊԿ-ի արագ արձագանքման ուժերը ստեղծվել են մեր առաջարկով ու էական մասնակցությամբ: Մենք ՀԱՊԿ-ում ոչ ձևական իմաստով ենք և ոչ էլ երկրորդական նշանակություն ունենք: Այս համապատկերում շատ անտրամաբանական կլիներ այլ համակարգում որոնել մեր անվտանգությունը: Բնականաբար առաջնային նշանակության խնդիր է նաև տնտեսական զարգացումը, Հայաստանի համար գլխավոր խնդիր է պետության հզորացումը: Ազգի և պետության առջև դրված բոլոր խնդիրները լուծվում են, երբ դու ունես ուժեղ պետություն, քաղաքական և տնտեսական ամրության ու դիմադրունակության պաշար: Տնտեսական խնդիրները նույնպես ենթարկվել են բազմակողմանի վերլուծության, վերլուծվել են ոչ միայն Հայաստանի հնարավորությունները Մաքսային միության ու Եվրամիությանն ասոցացման շրջանակներում, թեպետ երբևէ չենք ասել, որ գնում ենք դեպի ԵՄ: Այն փաստաթուղթը, որ պատրաստվել է նախաստորագրման, ԵՄ մուտքի համաձայնագիր չէ, այլ ընդամենը նախաստորագրումն է ասոցացման համաձայնագրի: Մենք նաև ուսումնասիրել ենք ԵՄ-ին անդամակցած այլ երկրների անցած ուղին, մեր տնտեսական վիճակին փոքրիշատե նման երկրների փորձը: Վստահեցնում եմ Ձեզ, որ բազմաթիվ մասնագիտական վերլուծություններ են արվել, որոնք ընկած են որոշումների հիմքում: Երբ մենք աշխատել ենք ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի վրա, բազմիցս ընդգծել ենք, որ այդ աշխատանքը կատարում ենք Հայաստանի ներքին զարգացումը կարևորելով: Որքան արագ կարողանանք բարեփոխել մեր տնտեսությունը, տեխնոլոգիական փոփոխությունների ենթարկել մեր արտադրական ֆոնդերը, հիմնական միջոցները, որքան արագ նորմատիվային դաշտը փոփոխենք և դարձնենք եվրոպական ստանդարտներին ավելի համահունչ, այնքան լավ մեզ համար: Մենք դա անում ենք մեր տնտեսության, մեր տնտեսվարողների հնարավորություններն ընդլայնելու, մեր արտադրանքն ավելի մրցունակ դարձնելու համար աշխարհի շուկաներում: Նախաստորագրումն ավելի շատ մեզ է պետք, մենք Եվրոպայի համար չէինք անում այդ ծավալուն աշխատանքը:

Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ հարցազրույցը կարող եք կարդալ «Իրատես de facto»-ի սեպտեմբերի 13-ի համարում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2059

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ